«Տպագիր-էլեկտրոնային հակադրությունն այնքան սուր չէ, որքան փորձում են ներկայացնել»
07.04.2020 | 01:20
«Յավրուհրատ» էլեկտրոնային հրատարակչության հիմնադիր, արևելագետ ՄԱՐԱՏ ՅԱՎՐՈՒՄՅԱՆԻ հետ զրուցել ենք Հայաստանում էլեկտրոնային գրքերի տարածվածության, պահանջարկի, առանձնահատկությունների և հարակից հարցերի մասին:
-«Յավրուհրատը» առաջարկում է հայերեն (հայ գրողների ու թարգմանված գործերի) էլեկտրոնային գրքեր: Մոտավորապես քանի՞ գիրք կա գրադարանում: Ի՞նչ հաճախականությամբ են դրանք թարմացվում:
-«Յավրուհրատը» մինչ օրս մոտ 150 էլեկտրոնային գիրք է հրատարակել, այդ թվում՝ հայ հեղինակների ռուսերեն ու անգլերեն գործեր, հայերեն ստեղծագործությունների ֆրանսերեն ու անգլերեն թարգմանություններ։ Տարեկան հաջողվում է 10-12 գիրք հրատարակել. մի շարք հանգամանքներից է կախված իրականում՝ ազատ ժամանակ, հեղինակների հետաքրքրվածություն, ընթերցողների ցանկություն, հետաքրքիր գործեր, որոնք ուզում ես անպայման էլեկտրոնային հրատարակել։ Տարբեր են գործոնները։ «Յավրուհրատն» իրականում դասական իմաստով հրատարակչություն չէ, այն ավելի շուտ անհատական հրատարակչություն է՝ իր նախընտրած հեղինակներով ու սեփական հետաքրքրություններով։
-Ինչպե՞ս եք կատարում գրքերի ընտրությունը, և ինչպե՞ս եք ձեռք բերում թվային տարբերակները կամ իրավունքը՝ այս կամ այն գիրքը թվայնացնելու:
-Գրքերի ընտրությունն ամենահետաքրքիր պահն է այս գործում. հրատարակչությունը հիմնադրվեց հենց «Թոմ Սոյերի արկածները» էլեկտրոնային գիրք հրատարակելու համար (ի դեպ, այն այդպես էլ էլեկտրոնային չհրատարակվեց)։ «Յավրուհրատում» գրքեր են, որոնք ես ինքս եմ որպես ընթերցող անպայման ուզում կարդալ, կամ շրջապատում, հրատարակչության մյուս հեղինակներն են խորհուրդ տալիս կարդալ ու հրատարակել։ Այս կերպ ես ինձ ու «Յավրուհրատի» ընթերցողների համար բացահայտեցի Վահագն Մուղնեցյանին, Վահագն Գրիգորյանին, Վարդան Գրիգորյանին, Սուսաննա Հարությունյանին, Մեսրոպ Հարությունյանին, Արմեն Մարտիրոսյանին ու այսպես շարունակ։
Երբեմն հենց հեղինակներն են որոշում իրենց ստեղծագործությունը էլեկտրոնային հրատարակել ու գրում են «Յավրուհրատին»։ Երբեմն գիրքը նախ էլեկտրոնային է հրատարակվում, հետո միայն տպագիր տարբերակով լույս տեսնում, հաշվի առնելով հետաքրքրությունը գրքի շուրջ։
Հեղինակային իրավունքների ձեռքբերման հարցում ոչ մի առանձնահատկություն չկա, հեղինակների կամ նրանց իրավահաջորդների հետ պայմանագրեր են կնքվում, հեղինակային հոնորար է երբեմն փոխանցվում։ Հեղինակի մահից 75 տարի անց ստեղծագործություններն արդեն հանրային սեփականություն են ու կարող են հրատարակվել առանց իրավական ձևակերպումների։
-Մեր գրողները, նաև հրատարակիչները առաջնություն են տալիս տպագիր գրքին: Երբ գիրքը բավականաչափ ընթերցված է, նոր միայն հայտնվում է համացանցում: Կա՞ն հայ հեղինակներ, որ առաջնահերթ ներկայանում են էլ. գրքով։
-Միանշանակ չէ, իմ պրակտիկայում մի քանի դեպք կա, երբ գործը նախ էլեկտրոնային է հրատարակվել, հետո միայն հայաստանյան խոշոր հրատարակչությունները հետաքրքրություն են ցուցաբերել այդ ստեղծագործության ու հեղինակի նկատմամբ` հաշվի առնելով էլեկտրոնային տարբերակի հաջողությունը։
Իրականում տպագիր-էլեկտրոնային հակադրությունն այնքան սուր չէ, ինչպես փորձում են ներկայացնել, դրանք գրական ինդուստրիայի փոխլրացնող ու ընթերցանության խրախուսման հարցում միմյանց օժանդակող օղակներ են։
-Գրողը կարող է իր գիրքը էլեկտրոնային տարբերակով հրատարակել ու տեղադրել գրքի շուկաներում: Հրատարակչի կարիք չկա: Տպագրական ծախսեր չկան: Իսկ ինչպե՞ս պետք է լուծել մարքեթինգի խնդիրը, ներկայանալ, գիրքը հասցնել ընթերցողին, վաճառել: Այս գործիքներին տիրապետո՞ւմ են մեր գրողները՝ գիրքը հայաստանյան գուցե նաև դրսի շուկայում ներկայացնելու համար: Եվ ի՞նչ կարող է առաջարկել այս առումով «Յավրուհրատը»:
-Հրատարակչական շղթան, իհարկե, տարբեր է, քան տպագրի դեպքում, բայց շղթայում և՛ հրատարակիչը կա, և՛ խմբագիրը, և՛ մարկետինգային քայլերի կարիք կա, անգամ պահեստները կան, իհարկե, ամպային տեխնոլոգիաների տեսքով։ Հրատարակչի դերը այլ է, բայց այն չի կորչում, հրատարակիչ շարունակում է մնալ նա, ով կարողանում է տեսնել ու տարբերել գրականությունը, այսպես ասենք, ոչ գրականությունից։
Գրողները, որպես կանոն, խուսափում են ինքնուրույն հրատարակելուց սեփական գործերը, որովհետև դա ժամանակ է պահանջում, որը կարող էր ծախսվել հաջորդ ստեղծագործությունը գրելու համար։ Բացի այդ, դա ինչ-ինչ հմտություններ է պահանջում, սկսած էջադրումից մինչև գրքի համար շապիկներ ընտրելը, գլոբալ հարթակներում իրավական ու հարկային պարտավորություններ և այլն։ Հրատարակիչը այս առումով շատ դեպքերում նախընտրելի լուծում է գրողի համար։
«Յավրուհրատը» հրատարակչական ամբողջական փաթեթ է առաջարկում գործի հրատարակությունից մինչև վաճառքներ ու տարածում գլոբալ գրախանութներում։
-Էլեկտրոնային գրքերը նախընտրելի են, որովհետև տանը տեղ չեն զբաղեցնում, կարող ես միանգամից մեծ թվով գրքեր տանել քեզ հետ ուր ասես, ավելի մատչելի են գնային առումով, խնայում ես բնությունը… Կա՞ն էլի պատճառներ, որ չթվեցի, թե ինչու պետք է ընթերցողը այս կամ այն գիրքը կարդա ոչ թե դասական, այլ էլեկտրոնային տարբերակով:
-Շատ հաճախ հենց Ձեր նշած կետերն են հիշում, երբ խոսում են էլեկտրոնային գրքերի մասին։ Այդ ամենը միայն տեխնիկական նորարարություն է, էլեկտրոնային կրիչի, ի հակադրություն թղթի, բերած նորարարությունը, որն ըստ էության տպագիր գիրքը հասու է դարձնում այլ՝ էլեկտրոնային ձևաչափով։ Ինչը շատ ավելի կարևոր է, տեխնիկական այս նորարարությունը աստիճանաբար վերածվում է տեխնոլոգիականի և փոխում գրքի, գրական ու գրահրատարակչական ինդուստրիայի մասին բոլորիս պատկերացումը. թե՛ ընթերցողի, որը ընթերցանության ու գիրքը ձեռք բերելու բոլորովին այլ տեմպի է վարժվում, թե՛ հեղինակի, որը ստեղծագործությունը գրելիս փորձում է հաշվի առնել կամ գոնե մտորում է էլեկտրոնային ընթերցանության առանձնահատկությունների մասին, թե հրատարակիչների, որոնք ամբողջովին վերակառուցում են իրենց արտադրական շղթաները։ Վերաիմաստավորվում է խմբագրի դերը, ոլորտը հանկարծ հիշում է դասական՝ մեկ անձում միավորված խմբագիր-հրատարակիչների մասին ու էլի ու էլի։ Շատերիս համար աննկատ, ցավոք ավելի աննկատ Հայաստանում ու հայ գրական իրականության համար, գրահրատարակչական շղթան փոխվում է։ Արժի հետևել ու գոնե փորձել հետ չմնալ այս ընթացքից։ ՈՒ ես դեռ չեմ խոսում հայ գրական ժառանգության թվայնացման մասին, որը բոլորովին այլ հզորություններ, այլ մոտեցումներ, տեսլական, ցանկություն ու կարողություններ է պահանջում։ Ինչպես իմ լավ բարեկամներից մեկն է միշտ ասում՝ օվկիանոս գործ կա թվայնացման ոլորտում անելու։
Իսկ թե ինչ տարբերակով կարդալ գիրքը, կարծում եմ, զուտ ընթերցողի նախընտրությունն է։ Ես, օրինակ, վերջին տասը տարիներին գեղարվեստական գրականություն տպագիր, թղթային տարբերակով, չեմ կարդում։ Անպայման փնտրում ու գտնում եմ էլեկտրոնային գիրքը։ ՈՒ եթե չկա, սպասում եմ կամ փորձում հեղինակին «համոզել» գործը էլեկտրոնային հրատարակել «Յավրուհրատում»։ Վերջին, ամենաթարմ օրինակը, ի դեպ, Վահրամ Մարտիրոսյանի «Սողանքն» է (ու էլի գործեր կլինեն նույն հեղինակից), մինչ այդ՝ Մհեր Բեյլերյանի «Սկյութների ստվերները»։ Սա կարող է նաև ընթերցողի պահանջարկ կամ պահանջ դիտարկվել հայաստանյան հրատարակչություններից, որ պետք է նաև էլեկտրոնային հրատարակել հեղինակներին։
-Ովքե՞ր են «Յավրուհրատի» ընթերցողները, ավելի շատ Հայաստանի՞ց են, թե՞ դրսից (նկատի ունեմ՝ դրսի հայերին):
-Էլեկտրոնային ընթերցանության առավելություններից մեկը, հրատարակչի համար, այն է, որ կարողանում ես տեսնել քո ընթերցողներին՝ նրանց տարիքը, սեռը, աշխարհագրությունը, ընթերցած էջերի քանակը, գործի որ հատվածներն են հավանել, ինչ կարծիք ունեն գրքի կամ հեղինակի մասին, իրենց գիրքն արդյոք փոխանցել են իրենց ընկերներին և այլն։ Սրանք գրական շուկան, գրական ճաշակը շոշափելու առավելություններ են, որոնք ավելի բարդ կամ դժվար հասանելի են տպագիր դեպքում։
«Յավրուհրատի» պարագայում ընթերցողները հիմնականում հայաստանաբնակներն են, որոնք էլեկտրոնային ընթերցիչներ ունեն ու այսպես կոչված միջին դասի ներկայացուցիչ են։ Մյուս խոշոր խումբը Հայաստանից վերջին երկու-երեք տարում արտագաղթած ընտանիքներն են, որոնք դեռ չեն կտրվել հայկական իրականությունից կամ դեռ ամբողջովին չեն ապրում հյուրընկալ երկրի իրողություններով։
Երբեմն լինում են խմբային գնումներ՝ «տուն է, թող լինի սկզբունքով», երբ ինչ-որ մեկը հանկարծ իր համար հայտնաբերում է, որ գլոբալ. միջազգային գրախանութներում նաև հայկական գրականություն կա, ու մեկը մյուսի հետևից ներբեռնում է գրքերը:
-Այնուհանդերձ, մեզ մոտ դեռ չկա էլեկտրոնային գրականության համար վճարելու ավանդույթ: Ի՞նչ պետք է անել՝ կոտրելու համար այդ կարծրատիպը կամ պարզապես գրավելու համար ընթերցողին:
-Ես կասեի` չկա նույնիսկ տպագիր գրքի համար վճարելու ամուր, հաստատուն ու կայուն ավանդույթ, էլ չեմ ասում էլեկտրոնային գրքի, որը նաև մի փոքր բարդ է՝ պիտի պարտադիր վճարային քարտ ունենալ, հետո գրանցվել, հետո քաղվածքներ և այլն, և այլն։ Չնայած նույն էլեկտրոնային խանութում առցանց գնումների սկզբունքով է այդ ամենը։
Պակասում է երևի գիրք գնելու մշակույթը, ոչ թե գիրք՝ որպես նվեր-ապրանք գնելու, այլ ընթերցելու համար գիրք գնելու մշակույթը։
-Այս օրերին, երբ բոլորին հորդորում են՝ նստել տանը, նաև օգտվել առիթից ու գիրք կարդալ, արդյո՞ք ավելացել են «Յավրուհրատի» ընթերցողները:
-Ընթերցումները սեզոնային բնույթ ունեն, ավելանում են հիմնականում Ամանորին ու ամառային արձակուրդների վերջում, հուլիս-օգոստոսին։ Հիմա մի փոքր տատանում կա, ամեն օր «Յավրուհրատն» անվճար երկու գիրք է առաջարկում տարիքային տարբեր խմբերի ու տարբեր նախասիրություններ ունեցող ընթերցողների համար։
Հայաստանում ամենաբարդը գեղարվեստական ընթերցանությունը առօրյա բերելն է, այն կենցաղի մաս դարձնելը։ Սա միայն հրատարակիչների ջանքերով անհնար է լուծել, հայաստանաբնակների կյանքի որակի, բարեկեցության աստիճանի, կրթական համակարգի, բարեկրթության ու բազմաթիվ այլ գործոնների հետ է կապված սա։ Այստեղ կարծում եմ, աշխատանքի մեր բաժինը բոլորս ունենք։
Զրույցը՝
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ
Հեղինակի նյութեր
- Պատմության վկաները
- Վերացող ծաղիկներ
- Ձեռք մեկնելու գաղափարը առաքելության վերածվեց
- «Մի նայեք, որ փոքր է մեր երկիրը, եթե արդուկով այս սարերը հարթեցնեք, Չինաստանից մեծ կլինի»
- «Բանկ օտոման» գործողությունը ժամանակին ցնցել էր ամբողջ Եվրոպան
- «Դրսից մեզ վրա կարող են ազդել միայն ներսի գործիքներով»
- «Երեսուն տարի ձգվեց մեր անկախության պատմությունը, մենք շահեցի՞նք»
- Մշակույթը հեռվից հեռու պահպանելու հույսով
- Անիմացիան, աշխարհն ու մենք
- «Մեր տարածքները փոքրացան, որովհետև այդպես էլ չհասկացանք, որ պետք է խմենք մեր բաժակով»
- Արվեստի ուժը
- Նոր մատենաշարը ներկայացնում է արևմտահայ և սփյուռքյան գրողների
- Բեմը կենդանություն է ստանում առայժմ միայն մանուկների համար
- «Գիրք սիրողների համար սա իսկական մկնդեղ է` հյութեղ ու անտանելի»
- Համաշխարհային դասականների ստեղծագործությունները՝ դուդուկով
- «Բնակչությունը պատրաստ չէ, բայց տարվում են աշխատանքներ»
- Ամանորի գիշերը դիմավորելու են եկեղեցում
- «Ջազի մեջ զգացվում է ապրածդ ժամանակաշրջանը»
- «Եթե չլիներ Փելեշյանը, կարծում եմ, դեռևս գտած չէի լինի կինոյում իմ ուղին»
- «Հուշարձաններն այդ տարածքների պատկանելության անձնագրերն են»
Մեկնաբանություններ